ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Հովհաննիսյանը բացում էր հաղորդումը, ու մենք անհամբեր սպասում էինք հերթական հեքիաթին

Արմեն Հովհաննիսյանը բացում էր հաղորդումը, ու մենք անհամբեր սպասում էինք հերթական հեքիաթին
02.05.2024 | 07:24

22։30-ը միայն ժամ չէր նշանակում. նաև կախարդական խոսքեր էին՝ «Սիմ-սի՛մ, բացվի՛ր»-ի նման, որ բացում էին երկաթե վարագույրն, ու ժամանակակից ամերիկյան, անգլիական, ֆրանսիական, ճապոնական երաժշտությունը հեռուստացույցի էկրանից լցվում էր մեր տները, ջնջվում էին սահմանները, մենք դառնում էինք աշխարհի քաղաքացի։ Իհարկե, մենք առաջ էլ երկաթե վարագույրի անցքերից լսում էինք էդ ձայները, դեսից-դենից ճարում էինք ձայնագրությունները, չնայած դա չէր խրախուսվում։ Օրինակ՝ ես տարիների ընթացքում էնքան հարուստ հավաքածու էի ստեղծել՝ դասական երաժշտություն, ջազ, ռոք, որ կարող էի տարիներով լսել, բա ընկերներս ինչ հետաքրքիր բաներ ունեին․․․ Բայց որ էկրանի վրա կենդանի տեսնեինք, թե ոնց են Դիզի Գիլեսպիի թշերը պարկապզուկի նման ուռում, երբ նա իր ծուռ շեփորից աննկարագրելի գեղեցկության արաբեսկներ ա օդ նետում, կամ ոնց ա Դյուկ Էլինգտոնն իր հարվածային ոճով պարացնում դաշնամուրը․․․ Չէ, էդ տեսակ բան չէինք տեսել. դա հեքիաթի նման մի բան էր։

Հաղորդումը ժամի հետ չէինք շփոթում, որովհետև ժամին ասում էինք տաս անց կես, իսկ հաղորդմանը՝ «Քսաներկու երեսուն»։ Արմեն Հովհաննիսյանը բացում էր հաղորդումը, ու մենք անհամբեր սպասում էինք նրա հերթական հեքիաթին։ Ու մեկ էլ էրանին հայտնվում էր Օսկար Պիտերսոնը, որ դաշնամուրի վրա իսկական փոթորիկ էր անում, Քաունթ Բեյսին, որ իր մեղմ, փափուկ ծլնգոցներով օդը լցնում էր սուինգային թրթիռով, հմայիչ Ռոդա Սկոտը, որ երգում էր էլեկտրական երգեհոնի խորը, կրծքային ակորդների տակ ու բոբիկ ոտքերով բասի ստեղները սեղմում, Մահալիա Ջեկսոնը, որ իր հզոր ձայնով ցրում էր երեկոյան խավարը, Միշել Լեգրանն ու Կատերինա Վալենտեն՝ իրենց ջազային զուգերգերով․․․
Արմեն Հովհաննիսյանը թեթև բաներ էլ հաղորդում, որ դեսերտի նման նայում էինք, օրինակ՝ ժիլբեր Բեկոյին, որ միկրոֆոնի հետ պարելով երգում էր, Բոնի Էմին՝ Բոբի Ֆարելի ակրոբատիկ պարով, որ հոլի նման պտտվում էր բեմի վրա, ասես ռեզինից լիներ, նիհարիկ-միհարիկ Սյուզի Քուաթրոյին, որ իր բաս գիթառով ու կրակոտ ձայնով լիցքավորում էր դահլիճը, Կառլ Դուգլասին, որ քունգ ֆու էր պարում ու երգում, շլացուցիչ գեղեցկության Սիլվի Վարդանին, որ տղամարդկանց ձեռքերի վրա պառկած երգում էր, Սիլվըր Քըննեքշնին, որ Ռոբինին երկինք էին թռցնում, Պիպո Ֆրանկոյին, որ Սան Ռեմոյում հավիկների պարն եր երգում, Ժիլբեր Օ'Սալիվանին, որ աշակերտի տեսքով իր սիրուն երգն էր երգում մենակության մասին․․․
Իսկ մի օր․․․ Մի օր ես մի քիչ ուշ տուն հասա. հաղորդումն արդեն սկսվել էր։ Մեկ էլ էկրանին հայտնվեց Բիթլզը․․․ Էն տարիներին Բիթլզն իմ համար իսկական գագաթ էր։ Ես նրանց մեջ ամեն ինչ գտնում էի, ամեն երգը հազար անգամ լսում էի, ամեն շունչը, ամեն հնչյունն անգիր գիտեի, նրանց նկարներն էի հավաքում, նրանց երգերի բառերն ու ակորդներն էի ճարում ու արտագրում տետրերիս մեջ, նվագում ու երգում էի նրանց երգերը․․․ Մի խոսքով՝ ապրում էի Բիթլզով։ Բայց ես Բիթլզի տղերքին երգելիս՝ շարժվող, կենդանի, ոչ մի անգամ չէի տեսել։ Չէի էլ պատկերացնում. իմ համար նրանց երգերն օդում էին ծնվում։ Մինչև էդ օրը հեռուստացույցի էկրանին երբեք Բիթլզի ստվերն անգամ չէր երևացել, մենք չէինք էլ երազում դրա մասին, իսկ հիմա․․․
Դա մի կարճ ֆիլմ էր, որտեղ Բիթլզի երգերի տակ կայծակնային արագությամբ իրար էին հաջորդում նրանց նկարները, իսկ մի քանի տեղ իսկական, կենդանի, շարժվող Բիթլզն էր։ Մի տեղ մարզադաշտում Ջոնն ու Պոլը վզները երկարացնելով մի միկրոֆոնով Ticket to Ride էին երգում՝ հանդիսատեսի համատարած ոռնոցի տակ, մի ուրիշ տեղ Հարիսոնը մատներն արագ-արագ շարժելով Help-ի կարճ պասաժն էին նվագում, հետո՝ դեղին սուզանավի վրա կանգնած Բիթլզի մուլտ-հերոսները շարժվում էին ալիքների վրայով, իսկ վերջում Պոլը փակ բերանով Yesterday-ի վերջին հըմ-հըմն էր երգում։ Ես էնքան հուզված էի էդ անակնկալ հրաշքից, որ նայում էի ու աչքերիս չէի հավատում, ասես երազում էի տեսնում։ Եթե ես Երևանի երկնքում հյուսիսափայլ տեսնեի, երևի էդքան չտպավորվեի։ Մի քանի շաբաթ էդ տպավորության տակ էի, դրանով քնում, դրանով զարթնում, ամեն տեղ դրա մասին էի խոսում։ Էդ կարճ ֆիլմը դեռ երկար տարիներ իմ տեսած միակ շարժվող Բիթլզն էր, մինչև ժամանակները փոխվեցին։
Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ չէ՞ որ 22։30-ը կարող էր և չլիներ, ասենք, Արմեն Հովհաննիսյանի մտքով կարող ա չանցներ, կամ կարող ա թույլ չտային։ Ինչքա՜ն բան կկորցներ մեր սերունդը, ինչքա՜ն կարևոր բանից կզրկվեինք, ինչքա՜ն կաղքատանար մեր կյանքը․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8962

Մեկնաբանություններ